Ձմեռ պապի․ Աթաբեկ Խնկոյան
Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։
Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։
Ձմեռ․ Աթաբեկ Խնկոյան
Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ․ Հովհաննես Թումանյան
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։
Նվեր սիրելի տատիկի համար


Ամանորի նախօրեին Պիպի անունով մկնիկն անուշ քնած էր իր բնում, երբ ինչ-որ մեկը դուռը թակեց և լուռ հեկեկոց լսվեց։ Պիպին վեր թռավ, բացեց աչքերն ու նայեց ժամացույցին։ Մինչ Նոր տարին դեռ վեց ժամ կար։ «Տեսնես այդ ո՞վ է և ինչո՞ւ է հեկեկում»,- մտածեց Պիպին ու հագնելով տնային կոշիկները, գնաց դուռը բացելու։
Մկնիկը դուրս եկավ բնից և հայտնվեց գեղեցիկ զարդարված տոնածառի առջև։ Նա տեսավ, որ աստիճանի վրա նստած լացում է իր ընկեր Գոռը։
-Ի՞նչ է պատահել,- վախեցած հարցրեց մկնիկը։ — Քեզ ամանորի տոնածառը դուր չի՞ գալիս։ Իսկ միգուցե խաղալիքնե՞րն են քիչ։ Թե՞ ամենագեղեցիկ աստղն է կոտրվել։ Ես հասկացա։ Դու պարզապես սոված ես և մի կտոր պանիր ես ուզում ուտել։ Կարծես թե ինձ մոտ մի փոքրիկ կտոր մնացել է այն պանրից, որ ես ուղարկեցի իմ սիրելի տատիկին նվեր։
-Չէ,- ձեռքը թափ տվեց Գոռը և նրա արցունքի մի կաթիլը ընկավ ուղիղ մկնիկի քթին, — բանը դրանում չէ։ Հենց տատիկի պատճառով եմ լացում։
— Տատիկի պատճառո՞վ,- զարմացավ Պիպին ու թափահարեց պոչը։ — Տատիկդ տրամադրություն չունի՞։ Նա այրե՞լ է թխվածքը, քեզ պատժե՞լ է — ձայնն աստիճանաբար շշուկի վերածելով ասաց մկնիկը։
Տղայի այտերը վարդագունեցին։
-Էլի չգուշակեցիր։
Նա թեքվեց մկնիկի ականջին ու շատ կամաց ձայնով, որ միայն մկիկը կարող էր լսել, ասեց.
— Այս ամենը տատիկի պատճառով է, Նոր տարվա, Ձմեռ պապիկի ու նվերի պատճառով։ Ամեն նոր տարվա գիշերը, երբ ես քնում եմ, գալիս է Ձմեռ պապիկը և նվեր դնում տոնածառի տակ։ Բայց նա նվերները միայն երեխաների համար է բերում, իսկ իմ սիրելի տատիկը միշտ առանց նվեր է մնում։
— Ուրեմն դու դրա համա՞ր ես լացում,- մկնիկը ձեռքով դիպավ Գոռի ուսին։ — Ընկերս, ինձանից օրինակ վերցրու։ Ինքդ նվեր պատրաստիր տատիկի համար, ժապավենով գեղեցիկ փաթաթիր, իսկ ես Ձմեռ պապիկի նման, տատիկի նվերը կդնեմ տոնածառի տակ։
-Իսկ տատիկը դա կհավանի՞,- արցունքների միջից ժպտաց տղան։
-Այն էլ ոնց։ Պատրաստիր նրա համար որևէ գեղեցիկ նկար-ապլիկացիա, կամ պլաստիլինից որևէ իր ծեփիր։
Մկնիկը մի քանի վայրկյանով անհետացավ ու հայտնվեց ամսագրերի մի մեծ կույտ շալակած։ Այդ ամսագրերում գեղեցիկ պատրաստվածքների նկարագրություններ կային։ Նրանք միասին սկսեցին թերթել ամսագրերը, որ մի հետաքրքիր բան գտնեն։ Գոռն արդեն մոռացել էր վատ տրամադրության մասին։ Նա մի գեղեցիկ նվեր ընտրեց տատիկի համար և սկսեց այն պատրաստել։ Իսկ մկնիկ Պիպին իր պահոցից բերեց գեղեցիկ ժապավեններ, որպեսզի նվերը փաթեթավորեն։ Կես ժամ անց մկնիկի օգնությամբ Գոռն արդեն պատրաստել էր իր նվերը՝ գեղեցիկ բացիկ տատիկին, և մակագրել նրա մեջ. «Սիրելի տատիկին՝ Գոռից»։
Թող տատիկն առավոտյան արթնանա, տեսնի իր նվերն ու զարմանա և մտածի, որ իսկական Ձմեռ Պապն է իրեն շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ։
Թարգմանեց Վ. Բուռնուչյանը Աղբյուրը՝ այստեղ
Ոզնի-տոնածառը․ Սերգեյ Կոզլով

Բոլոր նախատոնական օրերին սառնամանիք ու ձնամրրիկ էր դրսում։ Անտառում այնքան ձյուն էր եկել, որ ոչ Ոզնին, ոչ Իշուկը և ոչ էլ Արջուկն ամբողջ շաբաթ չկարողացան տնից դուրս գալ։
Ամանորի նախօրեին ձնամրրիկն հանդարտվեց և ընկերները որոշեցին հավաքվել Ոզնու տանը։
-Մենք տոնածառ չունենք,- ասաց Արջուկը։
-Ճիշտ է,- տխուր համաձայնեց Իշուկը։
-Ես էլ գիտեմ, որ տոնածառ չունենք,- հառաչեց Ոզնին։
Արջուկը նայեց շուրջն ու ասաց.
-Պետք է գնալ անտառ ու տոնածառ բերել։
-Հիմա որտեղի՞ց կարող ենք տոնածառ գտնել,-զարմացավ Իշուկը։- Անտառում արդեն մութ է։
-Ու ձնակույտեր են ամենուր,- քթի տակ մրթմրթաց Ոզնին։
-Ամեն դեպքում, պետք է տոնածառ գտնենք։



Երեքով տնից դուրս եկան։ Մրրիկը հանդարտվել էր, բայց ամպերը դեռ կախված էին օդում և ոչ մի աստղ երկքնում չէր երևում։
-Նույնիսկ լուսինը չի երևում, ո՞նց ենք եղևնի գտնելու,-ասեց Իշուկը։
-Իսկ շոշափելով չե՞նք կարող,-պատասխանեց Աջուկն ու բարձրացավ ձնակույտի վրա։
Բայց շոշափելով էլ ոչինչ չգտան։ Միայն մեծ եղևնիներ էին հանդիպում, բայց դրանք, միևնույն է, Ոզնու տուն չէին մտնի, իսկ փոքրիկ եղևնիները ոտից գլուխ թաքնված էին ձյան տակ։
Վերադառնալով Ոզնու մոտ, Իշուկն ու Արջուկը շատ տխրեցին։
-Առանց տոնածառ ի՞նչ Նոր տարի,- տխուր մրթմրթում էր Արջուկը։
«Եթե սա աշնանային ինչ-որ տոն լիներ, միգուցե հնարավոր լիներ առանց տոնածառ դիմանալ։ Իսկ ձմռանն առանց տոնածառ հնարավոր չէ»։
Իսկ Ոզնին այդ ընթացքում ինքնաեռի ջուրը եռացրել ու թեյ էր պատրաստում։ Արջուկի համար նա մեղր էր պատրաստել, իսկ Իշուկի համար՝ համեղ տերևներ։
Տոնածառի մասին Ոզնին չէր մտածում։ Բայց նա տխրել էր, քանի որ արդեն մի քանի օր էր, ինչ իր ժամացույցը չէր աշխատում։ Իսկ ժամագործ կաչաղակը խոստացավ, բայց այդպես էլ չեկավ, որ սարքի այն։
-Մենք ո՞նց ենք իմանալու, երբ ժամը տասներկուսը լինի,- հարցրեց նա Արջուկին։
-Մենք կզգանք,- պատասխանեց Իշուկը։
-Կզգա՞նք, այդ ինչպե՞ս,- զարմացավ Արջուկը։
-Շատ պարզ։ Ժամը տասներկուսին մենք արդեն ուղիղ երեք ժամ քնելու ցանկություն կունենանք։
-Ճիշտ է,- ոգևորվեց Ոզնին ու, փոքր-ինչ մտածելով ավելացրեց,- իսկ տոնածառի համար դուք մի անհանգստացեք։ Մենք անկյունում աթոռակ կդնենք, ես կկանգնեմ նրա վրա, իսկ դուք իմ փշերից խաղալիքներ կկախեք։
-Ի՜նչ պակաս տոնածառ է,- բացականչեց Արջուկը։
Այդպես էլ արեցին։ Անկյունում դրեցին աթոռակը և Ոզնին կանգնեց դրա վրա։
-Խաղալիքները մահճակալի տակ են։
Իշուկն ու Արջուկը հանեցին խաղալիքները և դրանք կախեցին Ոզնու վրա։
-Լույսերի մասին չմոռանաք,-հիշեցրեց Ոզնին։
-Իսկ դու չե՞ս հոգնել, Տոնածառ,- հարցրեց Արջուկը, երբ նստեց թեյ խմելու։
Իսկ Ոզնին կանգնել էր աթոռակի վրա, ինչպես իսկական տոնածառ, ու ժպտում էր։
-Չէ,- պատասխանեց Ոզնին։- Իսկ հիմա ժամը քանի՞սն է։
Իշուկը ննջում էր։
-Տասներկուսից հինգ րոպե է պակաս։ Հենց Իշուկը քնի, կլինի Նոր Տարի,-պատասխանեց Արջուկը։
-Ուրեմն մեզ համար հյութ լցրու։
-Դու հյութ ուզո՞ւմ ես,-հարցրեց Արջուկը Իշուկին։
Իսկ Իշուկը գրեթե քնած էր։
-Հիմա ժամացույցի զանգերը պետք է խփեն,-մրթմրթած նա։
Ոզնի-Տոնածառը զգուշորեն վերցրեց հյութը, որպեսզի վրայի զարդերը չթափվեն։ Իսկ ոտքով ժամացույցի նման հարվածեց աթոռակին։
-Դինգ-դոնգ, դինգ-դոնգ,- ասեց նա։
-Արդեն չորս զարկ եղավ,- ասեց Արջուկը։ — Հիմա ես եմ հարվածում ժամացույցի նման։- Ու ոտքով չորս անգամ հարվածեց հատակին՝ ասելով.- դինգ-դոնգ, դինգ-դոնգ։ Հիմա քո հերթն է, Իշուկ։
Իշուկը կիսաքուն կամաց խփեց հատակին՝ քնի մեջ մրթմրթալով.- Դինգ-դոնգ, դինգ-դոնգ։
-Ուռա՜,- բացականչեց Արջուկը, իսկ Իշուկը խորը քուն մտավ։
Շուտով քնեց նաև Արջուկը։ Միայն Ոզնի-տոնածառն էր, որ կանգել էր աթոռակին ու չգիտեր ինչ անել։
Նա երգեր երգեց մինչ առավոտ, որպեսզի հանկարծ չքնի ու խաղալիքները չկոտրի։
Թարգմանեց Վ. Բուռնուչյանը Աղբյուրը՝ այստեղ
Սուրբ ծնդդյան կարմիր կոշիկները՝
Մարդուկ-Ջարդոջկ՝