Ագարակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսումնական նախագիծ
Բնության և ուսուցման կապի շնորհիվ շատ ավելի իրական, տեսանելի, ուրիշ է դառնում կրթական գործընթացը: Երեխաները պետք է կապված լինեն բնության հետ: Գիտությունը ապացուցել է, որ այն շատ լավ դեղամիջոց է ստրեսի դեմ։ Բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է օգնել ուշադրության պակասի խանգարում ունեցող երեխաներին, գնահատել ներկա պահը և մտածել ավելի թարմ ուղեղով, զարգացնել ստեղծարար միտքը: Էդպիսի մի բնության գիրկ է մեր «Ագարակը» իր կենդանիներով: Կենդանիների օգտակար ազդեցությունը երեխաների նկատմամբ՝ հայտնի են: Հոգեթերապևտիկ բուժման արդյունավետ մեթոդներից մեկը կենդանիների հետ շփումն է, որը նախատեսված է մտավոր հետամնացություն, նեվրոզ, աուտիզմ և հիպերակտիվություն ունեցող երեխաների համար: Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է հնարավորություն տալ երեխային շփվել կենդանիների հետ, հոգեբանները միանշանակ պատասխանում են՝ այո: Կենդանիների հետ շփումը, խթանում է երեխայի մտավոր զարգացմանը: Այն համարվում է բնության մասին գիտելիքների սկզբնաղբյուրը: Երեխան պետք է հնարավորություն ստանա շատ շփվել կենդանու հետ, ուսումնասիրի նրանց բնութագրերը, առանձնահատկությունները, վարքագծին հետևի: Երեխաները կենդանիների հետ շփվելիս դաստիարակվում են նաև բարոյապես: Կենդանիների հետ շփվելու ընթացքում երեխան սովորում է կենդանիների խնամքի պարզ հմտություններ, պարզ աշխատանքային գործեր: Կենդանիների հոգածության գործընթացում երեխան կոփվում է ֆիզիկապես,ամրացնում է առողջությունը:
Կենդանիների հետ շփումը իր ուրույն հետքն է թողնում երեխայի աշխարհճանաչմանը: Երեխան սկսում է բնությունը բացահայտել, վախերից ձերբազատվել, սովորել խնամել և հոգ տանել։ Շատ կարևոր է կենդանիներին ուսումնական հարթակում ներառել, որպեսզի երեխաները կարողանան տարբերել, թե որ կենդանու հետ ինչպես վարվել, ինչպես կերակրել, ինչպես խնամել: Ինչքան կարևոր է կենդանիների հանդեպ հոգատարությունը, խնամքը, ինչպես պետք է սիրել կենդանիներին՝ առանց վնասելու, առանց բնությունն աղտոտելու:
Սեպտեմբերից ուսումնական ագարակը՝ որպես ուսումնական միջավայր, ներառեցինք մեր ուսումնական գործունեության մեջ՝ կապելով «Ես և շրջակա աշխարհը», «մայրենի», «մաթեմատիկա» առարկաների հետ։
Սեպտեմբերից սկսեցի իրականացնել ուսումնական ագարակ նախագիծը, շաբաթը մեկ օր՝ հստակ պլանավորած ժամով, Էդմոն Փաշինյանի հետ: Սովորողներն արդեն գիտեն իրենց ագարակի օրն ու ժամը՝ իրական իմացումի հրճվանք է: Սկզբի այցերը միայն ուսումնասիրում էինք, ծանոթանում ինչպիսի կենդանիներ կան ագարակում: Հետո սկսեցինք հերթափոխ խմբերով խնամել ձիերին, պոնիներին, իշուկին, հաղթահարելով մեր վախերը:
Ագարակը նաև շատ լավ, տրամադրող հարթակ է, ընթերցելու ստեղծագործելու համար: Ղազարոս Աղայանի «Արևի ճառագայթները» կարդացինք, քննարկեցինք և սկսեցին պատմվածքի շարունակություն հորինել ռոդարյական հնարքներով:
Ուսումնական ագարակի ամեն մի այցը մի նպատակ է հետապնդում: Այցերից մեկի ընթացքում ներկա գտնվեցինք սմբակների մաքրման գործընթացին: Շատ հետաքրքրված նայում և խնամում էին սովորողները՝ ձիու գովքը երգելով:
Համացանցի կապը ագարակի հետ՝ սկսեցինք որոնողական աշխատանքներ կատարել կենդանիների վերաբերյալ: Հանձնարարություը էսպիսինն էր՝ ագարակում բնակվող յուրաքանչյուր կենդանու վերաբերյալ տասը փաստ ներկայացրո՛ւ: Հսկայական տեղեկատվական աղբյուրներից սովորողը պետք է կարդա և իրեն հասկանալի և մտապահած նախադասությունները պատմելով գրի առնի: Այսպիսով ունեցանք կենդանիների մասին պատմող փաստեր, որը հրապարակեցի դասարանական բլոգում և սկսեցինք ընթերցել և սովորել:
Ագարակի մյուս բնակիչների տարածքում սկսեցինք հաշվել քանի բադ, հավ, աքաղաղ, սագ է բնակվում և բազմապատկման աղյուսակը կիրառելով խնդիրներ հորինեցինք: Խնդիրները սկսեցինք ավելի բարդացնել և գրի առնել:
Ուսումնական ագարակի կարևորագույն ուսուցումն եմ համարում էկո ուսուցումը՝ սննդի մնացորդների կազմակերպումը դեպի ագարակ: Ողջ օրվա՝ նախաճաշի, ճաշի, բանջարեղենների մնացորդները հավաքվում է և տարվում ագարակ: Այնտեղ բաշխվում և տեսակավորվում է, թե որ կենդանուն ինչ սնունդ պետք է տրվի: Սովորողները՝ խմբերով սիրով մասնակցում են այդ գործընթացին: Նախ սկսում ենք կշռել մնացորդը և սովորել իրական կշեռքի հետ աշխատելը:
Երբ արդեն ագարակում ենք, մեծ սիրով ու ոգևորությամբ կերակրում ենք կենդանիներին:
Ուսումնական ագարակ նախագիծը շուրջտարյա է և մեզ չէր խանգարում ցուրտը: Ձմռան օրերին նույնպես իրականացրել ենք խնամք: Սովորել ենք, թե վարելու ընթացքում ինչ է մեզ անհրաժեշտ: Իսկ վերջում վայելել ենք մեր սիրելի Մաշային՝ իր եռաչափ շարժումը զգալով, որը երեխաների ցարգացող մկանների համար ամնակարևորն է:
Ձիերը կոչվում են «կենդանի տրենաժոր»։ Բուժումը կոչվում է հիպոթերապիա՝ քայլելիս ձիու մեջքը կատարում է եռաչափ տատանումներ, որոնք կրկնում են նաև ձիու վրա նստած երեխայի մարմնի բոլոր մկանները։ Այդ տատանումների միջոցով տեղի է ունենում ձգված մկանների թուլացում և թույլ մկանների միաժամանակյա մարզում, ինչը հատկապես կարևոր է մանկական ուղեղային կաթված /ՄՈւԿ/ ունեցող երեխաների համար։
Ոսումնական ագարակ նախագիծը իրականացնելու արդյունքում սվորողները կարողանում են հաղթահարել իրենց վախերը ընտանի կենդանիների հանդեպ, կարողանում են արժևորել ու գնահատել շրջապատող աշխարհը, տարբեր հմտություններ են ձեռք բերում խնամքի վերաբերյալ, սովորում են, թե որ կենդանին ինչ է ուտում և ինչպես կերակրել: Կենդանիների մասին կարևոր տեղեկություններ են իմանում: Ագարակը երեխաներին դրական հույզեր է տալիս, սովորեցնում է սիրել: