Առցանց քննարկմանը միացի՛ր այս հղումով։
Գործող անձինք
Պառավ Ֆարհադ
Փուչիկ վաճառող
Բեմը զբաոսայգի է։ Մի պառավ ծաղկազարդ չադրայով և սպիտակ գլխաշորով, տխուր-տրտում և սպասման մեջ նստել է նստարանին։
ՊԱՌԱՎ- (Բեմով անցնող աներևույթ տղամարդուց հարցնում է)։ Ներեցե՛ք պարոն, ժամը քանի՞սն է։ (Աներևույթ մարդը կանգնում և պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Ասացիք յո՞թը։ Անչափ շնորհակալ եմ։ Թող Աստված քեզ զարդարի ծերությամբ։ (Անտեսանելի մարդը դուրս է գալիս բեմից)։ Ի՞նչ ասացի՝ զարդարի ծերությա՞մբ։ Ծերանա, որ ի՞նչ լինի։ Մենակությունից կփտի։ Թող Աստված քեզ ջահել տանի, որ պատվով այս աշխարհից հեռանաս։ (Զգում է, որ անտեսանելի մարդը վերադարձել և նայում է իրեն)։
Ներեցե՛ք, ինքս ինձ հետ էի խոսում։ (Ինքն իրեն)։ Ինչո՞ւ քանի դեռ երիտասարդ էիր, չմեռար, որ այս օրը չընկնեիր։ (Անտեսանելի մարդը հեռացել է)։ Չգիտեմ՝ բոլորը ինչո՞ւ են ուզում ծերանալ։ Կարծես մենք կերանք, ու նրանք ետ են մնացել։
Լռություն։
(Վեր է կենում, նայում է չորս բոլորը, հետո վերադառնում ու նստում է իր տեղը։ Անտեսանելի մի կին գալիս ու նստում է նրա դիմացը։ ժպիտներ են փոխանակում)։
ՊԱՌԱՎ- (Քիչ անց)։ Կարծես այսօր չի ուզում գալ։ Այնքան նայեցի ճանապարհին՝ աչքերս սպիտակեցին։