Կար-չկար մի հպարտ մորեխ: Նրա անունը Դենդի էր: Երբ նա դեռ փոքրիկ էր և, մյուս փոքրիկ մորեխների հետ դեռ նոր-նոր էր սովորում ցատկել, միշտ բոլորից բարձր էր ցատկում: Բայց ուսուցիչը ասում էր նրան.
— Դենդի՛, դու պե՛տք է սովորես ոչ միայն մեծ ցատկեր կատարել, այլև՝ փոքրիկ ցատկեր:
— Ո՛չ,— պատասխանեց Դենդին,— ես մյուսների պես սովորական մորեխ չեմ: Ես միայն մեծ ցատկեր եմ սիրում:
Եվ այդպես էլ մորեխը չսովորեց փոքրիկ ցատկեր կատարել:
Մի անգամ նա դուրս եկավ տնից, որ ցատկոտի և հանդիպեց Օլիվիա անունով խխունջի.

— Դու չե՞ս ձանձրանում քո դանդաղկոտ կյանքից, — հարցրեց մորեխը խխունջին:— Ամբողջ օրը սողում ես ու սողում՝ սեփական տունը մեջքիդ:
— Այդ ի՞նչ ես ասում,— պատասխանեց Օլիվիան.— Ես սիրում եմ սողալ: Ինձ շատ է դուր գալիս լինել խխունջ՝ հատկապես, երբ անձրև է գալիս, իսկ իմ խեցիում միշտ հարմար է և չոր: Եվ հետո, ես երբեք չեմ ուշանում տուն գնալիս. իմ տունը միշտ ինձ հետ է: Հույս ունեմ՝ հասկանում ես՝ ինչ նկատի ունեմ: Խխունջ լինելն այնքան հետաքրքիր է:
— Դե ինչ,— ասաց Դենդին,— ճաշակին ընկեր չկա: Ցտեսությու՜ն: —Եվ նա ցատկեց առաջ՝ իրենից շատ գոհ:
Մորեխն իրականում հրաշալի ցատկող էր: Բոլոր մորեխներն էլ հրաշալի են ցատկում: Բայց Դենդին մեկ ցատկով կարողանում էր երեսուն սանտիմետր տարածություն անցնել. սա հսկայական տարածություն է, եթե հաշվի առնենք, որ նա տասը անգամ փոքր էր:
Եվ, ամեն դեպքում, մի բան նա չէր կարողանում անել. չէր կարողանում փոքրիկ ցատկեր կատարել: Նա չէր կարողանում ցատկել տասը կամ տասնհինգ սանտիմետր, այլ ՝ միայն երեսուն սանտիմետր: Ցատկ, և երեսուն սանտիմետրը հետևում էր:
Մինչ նա զրուցում էր Օլիվիայի հետ, եկավ ճաշի ժամը, և Դենդին շտապեց տուն: Նա միշտ հասնում էր տան մոտ՝ մոտավորապես տասը սանտիմետր հեռավորության վրա: Բայց միշտ չէր կարողանում մտնել տուն, քանի որ ինչքան էլ ցատկում էր, ամեն անգամ անցնում էր տան վրայով: Չէ՞ որ նա չէր կարողանում փոքր ցատկ կատարել:

Խեղճ Դենդին կորցրեց համբերությունը և շատ բարկացավ: Բայց, բարեբախտաբար, հայտնվեց… Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ… Օլիվիան՝ տնակը մեջքին:
— Ահա՛, տեսնու՞մ ես, Դենդի,— ասաց նա,— խխունջներն էլ ունեն հպարտանալու ինչ-որ բան. ամեն դեպքում նրանք հասնում են տուն առանց դժվարության:
Օլիվիան շատ բարի խխունջ էր (գրեթե բոլոր խխունջներն էլ բարի են, եթե ձախ ոտքի վրա չեն արթնանում), և նա առաջարկեց Դենդիին.
— Բարձրացի՛ր մեջքիս վրա, և ես կհասցնեմ քեզ տուն:

Դենդին շատ ուրախացավ, անմիջապես նստեց նրա վրա, և խխունջը հասցրեց նրան տուն:
— Շնորհակալ եմ, Օլիվիա,— ասաց նա:— Հիմա ես էլ գիտեմ, որ մեծ ցատկերն այս աշխարհում դեռ ամեն ինչ չեն: Պետք է սովորել նաև փոքր ցատկեր:
Թարգմանեց՝ Ծաղիկ Գասպարյանը